5 հունիսի 2013 - 20:28 AMT
ՀՀ-ը և ՌԴ-ն ակտիվացնելու են տարբեր խորհրդարանական հարթակներում գործակցությունը

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները և դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական և այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: