6 հունիսի 2013 - 10:26 AMT
Պետրո Գեդին. Մենք Երևան որպես զբոսաշրջիկ չենք եկել ու պայքարելու ենք մինչև վերջ

Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պետրո Գեդինը կարծում է, որ Հայաստանի հավաքականը, ինչպես և խմբի մյուս թիմերը, ուժեղ է:

«Մեր թիմի չորս լեգիոներներ չեն միացել հավաքականին: Ափսոս, որ նրանք չկան, բայց փոխարինողներ ունենք ու կփակեն բացակաների տեղը: Չնայած երկար մրցաշրջանին, մեր տղաները դեռ ուժերը չեն կորցրել ու կարող են պայքարել»,- ասաց մարզիչը:

Ըստ նրա Հայաստանի հավաքականը լավ է խաղում, միգուցե այն ունի որոշակի խնդիրներ, բայց ամեն դեպքում, Պիետրոն Հայաստանի թիմը համարում է ընտրական այս խմբի ուժեղագույն հավաքականներից մեկը:

«Մենք այստեղ որպես զբոսաշրջիկ չենք եկել: Եթե մեկ միավոր էլ կարողանանք տանել Երևանից, շատ լավ կլինի: Պայքարելու ենք մինչև վերջ ու ցուցադրելու ենք մեր լավագույն խաղը»,- նշեց Գեդինը:

Դարպասապահ Ջասթին Հաբերի խոսքով, ինքը պատրաստ է Հայաստանի հետ խաղին, ինչպես և իրենց հավաքականի մյուս տղաները:

«Երբ խաղում ենք մեր երկրի համար, կապ չունի Հայաստանի թե մեկ այլ թիմի դեմ ենք խաղում, ողջ ուժերն ենք ներդնում ու անում ենք հնարավորինը, որ հաղթենք»,- շեշտեց նա:

Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնության ընտրական B խմբում երեք միավորով զբաղեցնում է նախավերջին տեղը, իսկ Մալթան վերջին հորիզոնականում է:

Հայաստան- Մալթա ընտրական խաղը կկայանա հունիսի 7-ին Երևանի ժամանակով ժամը 20:00 Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: