25 հունվարի 2006 - 18:51 AMT
Բաքվում հերքում են Ադրբեջանից Հայաստան գազի առաքումների մասին հաղորդագրությունները
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Շոն Մակքորմաքի հայտարարությունն Ադրբեջանից Հայաստան գազի առաքումների վերաբերյալ սխալ է, ինչն էլ հաստատել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ բանակցությունները: Այդ մասին հունվարի 25-ին Բաքվում, պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը նշել է, որ Շոն Մակքորմաքը սխալվել է, Վրաստանի փոխարեն ասելով Հայաստան»,-ասել է Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: