
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօերին հանդիպել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:
ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվել է տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում և կարևորվել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարևոր է համարել հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում և բարձր գնահատել երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային և փոխշահավետ փոխգործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը առաջին տեղում է:
ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը ընդգծել են, որ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվել է նաև այդ ձևաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, կարևորել տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման արժեքներին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի հարևան երկրներ Լիտվան, Շվեդիան և Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս: