6 հունիսի 2013 - 12:16 AMT
Վարդան Մինասյան. Եթե մնացած խաղերում հաղթենք, կկարողանանք նվաճել ԱԱ ուղեգիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 7-ին կայանալիք Մալթայի հետ խաղից առաջ նշեց, որ իրենց գլխավոր նպատակը հաղթանակ տանելն է:

«Փոքր վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, բայց հույս ունեմ, որ նա կմասնակցի հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր կա, որոշ խաղացողներ էլ իրենց թիմներում հիմնական կազմում չեն հանդես գալիս»,- ասաց Մինասյանը:

Նա շեշտեց, որ իրենց չի մտահոգում, որ Մալթան խմբում ամենաթույլ թիմն է, քանի որ իրենք բոլոր մրցակիցների հետ էլ ձգտում են 3 միավոր վաստակել. «Զուտ վիճակագրական տեսանկյունից եթե դիտարկենք, մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում մենք կկարողանանք ուղեգիր նվաճել, բայց հիմա մենք մտածում ենք միայն Մալթայի խաղի մասին»:

Մարզիչն ընդգծեց, որ Կարեն Մուրադյանը և Վարազդատ Հարոյանը մասնակցելու են այսօր կայանալիք Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղին, որը մրցելու է Իսլանդիայի հետ, իսկ վաղը արդեն ազգային ընտրանու տրամադրության տակ են լինելու:

Հունիսի 11-հայ ֆուտբոլիստները մրցելու են Դանիայի հետ, և, ըստ Մինասյանի, այդ խաղում իրենց մարտավարությունն ու կազմը փոխվելու է, քանի որ թիմերն իրենց ոճերով տարբերվում են:

2014 թվականի ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Մալթա հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: