6 հունիսի 2013 - 13:25 AMT
Դավիթ Սանասարյան. Սուրիկ Խաչատրյանն այժմ ավելի վտանգավոր է դարձել, քան եղել է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այժմ ավելի վտանգավոր է դարձել, քան եղել է: Կարծիքը «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց.«Սուրիկ Խաչատրյանը բազմիցս ապացուցել է, որ այդպիսին է, բայց իշխանությունները հենված են քրեական տարրերի վրա, նրանց աջակցությունն են վայելում, և այդ պատճառով մենք ունենալու ենք նման դեպքեր: Եթե նրանք մի բան անեն, պարզվելու է` քնած են եղել կամ տարածքում ֆուտբոլ նայելուց: Ս. Խաչատրյանը դեռ պետք է իշխանությանը, այդ պատճառով էլ նրա դեմ ոչինչ չեն անում»:

Իսկ իրենք միանգամից մի քանի բան են պատրաստվում անել` առաջիկա օրերին Գորիսում բողոքի ակցիա են անցկացնել և Սյունիքի մարզպետարանի հաղորդագրությունն էլ անպատասխան չեն թողնի.«Մենք այսօր հանցագործության մասին հայտարարություն ենք տարածելու, քանի որ մարզպետարանի կայքում տարածվելու է հաղորդագրություն, որը առնչվում է նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասներին»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ հայտարարությունը մարտաֆիլմի սցենար հիշեցնելուց բացի տպավորություն է ստեղծում, թե եղբայրն է եղբորը կրակել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը կալանավորված են:

Գորիսի միջադեպի և Հարսանքարի գործի միջև զուգահեռ անցկացնելով, Սանասարյանը նշեց.«Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, որն իր համար մեծ նշանակություն չուներ և Հայրապետյանն արդեն առաջվա Հայրապետյանը չէ: Նա մի կողմ քաշված է, բայց պատիժը չի կրել: Նա նորից գալիս է դատարան և ասում, որ փող են տվել, եկել իր դեմ բողոքում են»: Այնպես որ Սուրիկ Խաչատրյանը պետք է ոչ միայն հեռացվի, այլև քրեական պատասխանատվության ենթարկվի: