6 հունիսի 2013 - 14:09 AMT
Պ. Բալայան. Հայ գրականությունն է պետք ռուսերեն թարգմանել աշխարհին ներկայանալու համար

Հունիսի 6-ը ռուսաց լեզվի միջազգային օրն է և ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Հայաստանում ռուսերենը շարունակում է մնալ երկրորդ լեզուն և աշխարհն էլ ձգտում է սովորել այն` պայմանավորված Ռուսաստանի այժմյան աշխարհաքաղաքական դիրքով: Կարծիքը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում լեզվի իմացության մակարդակը վերջին տարիներին առաջվա պես բարձր չէ:

«Ռուսերենի իմացության վրա բացասական են ազդում ռուսական ֆիլմերի հայերեն թարգմանությունները: Դրանք հիմնականում խայտառակ թարգմանություններ են, քանի որ մենք լավ թարգմանիչների պակաս ունենք, ավելին` նման ֆիլմերը հայերեն թարգմանելն անիմաստ ծախս է»,- ասաց նա:

Իսկ թարգմանվող գրականության մասին Բալայանը նշեց. «Ռուսերենից հայերեն քիչ գործեր են թարգմանվում, բացի այդ` ռուսերեն գրքերը թանկ արժեն: Բայց մեզ համար կարևորը ոչ թե ռուսերենից հայերեն թարգմանելն է, այլ հայերենից ռուսերեն, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր մշակույթը»: