26 հունվարի 2006 - 14:10 AMT
«Մոզդոկ-Թբիլիսի» գազամուղի վրա հայտնաբերվել են նոր վնասվածքներ
«Մոզդոկ-Թբիլիսի» գազատարի վրա հայտնաբերվել են նոր վնասվածքներ, որոնք պահանջում են փոխել խողովակի եւս մեկ` 9-մետրանոց մի հատված: Այն փոխարինելու համար կրկին անհրաժեշտ է փականներ դնել, կոնդենսատի արտահոսքը կանխելու համար, այնուհետեւ կտրել խողովակը եւ եռակցման աշխատանքներ տանել: Դեռեւս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի կրկին հայտանաբերված վնասվածքները վերացնելու համար: Մինչդեռ, շարունակվում են վերանորոգման աշխատանքները գազամուղի վնասված օժանադակ խողովակի վրա: «Գազպրոմը» որոշել էր կոնսերվացնել գազամուղի այդ ճյուղի վնասված հատվածը: 700-սանտիմետրանոց խողովակն արդեն եռակցել են Վրաստանի կողմից, այն փակ է: Հինգշաբթի կշարունակվեն աշխատանքները Վլադիկավկազի կողմից փական դնելու ուղղությամբ, ինչպես նաեւ կմաքրվեն կուտակումները գազատարի պահուստային հատվածի պայթեցման վայրում: Ընդհանուր առմամբ, ըստ նախնական տվյալների, գազատարի պայթեցման վնասը կազմում է 30 մլն ռուբլի: Մինչդեռ Վրաստոնւմ առանց գազամատակարարման են մնացել Թբիլիսի Քուր գետի նաեւ աջ ափին գտնվող թաղամասերը, որոնք նախկինում ստանում էին «երկնագույն վառելիք»: Սակայն վերջին օրվա ընթացքում բնական գազի ներմուծումը Ադրբեջանի տարածքով էապես կրճատվել է, ինչն, ըստ Վրաստանի իշխանությունների, տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, հաղորդում է Իտար-Տասսը:

Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը Հյուսիսային Օսեթիայում գազատարի պայթյուններ են տեղի ունեցել: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի հիմնական եւ օժանդակ ճյուղերի վրա 20-րոպեանոց ընդմիջումներով գործել են 700-800 գրամ տրոտիլի հզորությանը համարժեք պայթուցիկ սարքեր: ՌԴ դատախազությունում կարծում են, որ դա դիվերսիա է: Վրաստանը ռուսասկան գազ է ստանում Ադրբեջանի տարածքով, ուր «Գազպրոմը» ավելացրել է առաքումների ծավալները, իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի գազի պաշարները: