26 հունվարի 2006 - 15:10 AMT
Բաքուն առաջարկում է Անկարային համագործակցել Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հարցերում
Ադրբեջանի նոր խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը փետրվարին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա: Թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում Ասադովը հայտարարել է, որ շատ բնական պարտականություն է համարում առաջին այցի համար ընտրել Թուրքիան, չնայած այլ երկրներից ստացված բազմաթիվ հրավերներ կան: Ադրբեջանական խորհրդարանի նախագահը կարծիք է հայտնել, որ պետք է ժամ առաջ հիմնվի «թուրքական պետությունների խորհրդարանների համաժողով», եւ հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարությունը, թե թուրքերն ու ադրբեջանցիները «մեկ ազգ, երկու պետություն» են կազմում: Նա նշել է, որ ավելի վաղ նմանօրինակ առաջարկ է արվել Հայաստանի խորհրդարանի նախագահի կողմից, որը սակայն առաջարկել է «Կովկասյան պետությունների խորհրդարանների համաժողով» ստեղծել: Ասադովը հայտարարել է, թե Ադրբեջանը չի կարող այդպիսի մի ծրագրում գործընկեր ունենալ ի դեմս մի պետության, որը «գրավել է Ադրբեջանի քսան տոկոսը»: «Եթե այդ բռնագրավմանը վերջ տրվի, կարելի է իրականացնել նման ծրագիր»,- նշել է նա: Ադրբեջանի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հարցերին: Նա հայտարարել է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գործակցության մեջ պետք է ներառվի երկու հարց` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը: «Երկու երկրներն էլ չկարողացան իրենց արդար դատը բացատրել միջազգային ասպարեզում: Ոչ թուրքերը կարողացան հերքել Հայոց ցեղասպանության պնդումները, ոչ էլ մենք կարողացանք մեր արդար դատը բացատրել ղարաբաղյան հարցում»,- ասել է Ասադովը: Նրա համոզմամբ, այս երկու հարցերում անպայման հաջողություն կարձանագրվի միասնական գործունեությամբ: