26 հունվարի 2006 - 15:19 AMT
Հնարավոր է Հայաստանի բնակչության գազամատակարարման սահմանափակում
Դեպի Հայաստան գազի էքսկլյուզիվ առաքող «ԱրմՌոսգազպրոմ» ընկերությունը դեռեւս սահմանափակումներ չի կիրառել բնակչությանը եւ արդյունաբերական օբյեկտներին գազի մատակարարման հարցում, բացառությամբ Հրազդանի ՋԷԿ-ի: Սակայն, եթե մոտ օրերս Հայաստանի գազամատակարարումը չվերականգնվի, ընկերությունը կսահմանափակի գազի առաքումը սկզբից գազալցակայաններ, իսկ այնուհետեւ բնակչությանը: Ինչպես հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, սահմանափակումները չեն վերաբերվի կենսապահովման օբյեկտներին:

Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը հաստատել է, որ Հայաստանի գազամատակարարման դադարեցման պատճառով դադարեցվել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որն էլ համապատասխանաբար դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Երկրորդ խոշոր ՋԷԿ-ը` Երեւանյանը դեռեւս չի դադարեցրել աշխատանքը, սակայն անցել է խնայողական ռեժիմի: Ըստ Լ.Հարությունյանի, այս փուլում հանրապետության էներգահամակարգը լարված է աշխատում: ՋԷԿ-երը արտադրում են երկրում արտադրվող հոսանքի 25 տոկոսը: Հյուսիսային Օսեթիայում գազամուղի պայթեցումից հետո Հայաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարեւան Վրաստան: Լ.Հարությունյանը դժվարացել է ասել, թե ինչ հետեւանքներ կունենա երկրի էներգահամակարգի համար ՀյուսիսայինՕսեթիայի գազամուղի վրա տարվող վերանորոգման աշխատանքների հետագա ձգձգումը: Նրա խոսքերով, անկասկած, բնակչությունը կավելացնի էլեկտրաէներգիայի սպառումը, սակայն որքանով այն կավելանա, կախված է եղանակից: Անդրադառնալով հովհարային անջատումներին անցնելու հնարավորությանը` նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հովհարային անջատումների ժամանակացույցի կիրառումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ պարզ կդառնա, թե որքանով է ավելացել էլեկտրաէներգիայի սպառումը:

Հարկ է նշել, որ գործնականում Հայաստանի ողջ հասարակական տրանսպորտը, ինչպես նաեւ մասնավոր երթուղային տաքսիները որպես վառելիք օգտագործում են խտացված գազ: Եթե «ԱրմՌոսգազպրոմը» դադարեցնի գազալցակայանների մատակարարումը, ապա կարող է ճգնաժամ առաջանալ տրանսպորտային համակարգում: Ներկայումս, «ԱրմՌոսգազպրոմը» շարունակում է օգտագործել Աբովյանի ԳՍՊ-ի գազի պաշարները, որի տարողությունը կազմում է 80 մլն խորանարդ մետր գազ: Այս օրերին Հայաստանը օրեկան օգտագործում է 5,3 մլն խորանարդ մետր գազ: Ավելի վաղ հաղորդվել է, որ հանրապետությունը ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը Իրանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: