26 հունվարի 2006 - 18:23 AMT
Գազամուղի պայթեցումները շանտաժ են Ռուսաստանի կողմից, հայտարարում են Վրաստանում
«Անկասկած, էլեկտրահաղորդիչ գծերի եւ գազամուղի պայթյունները կարող էին տեղի ունենալ նաեւ այլ պատճառներով: Սակայն որոշ փաստեր մտահոգություն են առաջացնում.օրինակ, ահաբեկչական պայթյունների հետեւանքով դադարեցվեց գազի եւ էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան, սակայն պայթյունները տեղի են ունեցել իրարից 350 կմ հեռավորության վրա գտնվող վայրերում: ««Գազատարը պայթեցվել է այնպես, որ դրանից տուժել են միայն Վրաստանն ու Հայաստանը, այլ ոչ թե գազի տեղաբնակ ռուսաստանցի սպառողները»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին: «Սակայն ամենամեծ տարակուսանքն առաջացնում է այն փաստը, որ 24 ժամվա ընթացքում, չնայած մեր բազում փորձերին, մենք չկարողացանք Ռուսաստանից հիմնավորված բացատրություններ ստանալ կատարվածի վերաբերյալ: Այդպես չեն վարվում հարեւանների հետ: Այդպես չի կարող վարվել մի երկիր, որը ցանկանում է, որ Եվրոպայում նրան համարեն հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»,-նշել է նա, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ամեն ինչ կատարվեց այնտեղ, որտեղ, ըստ ռուսների, սովորաբար անվտանգության լուրջ միջոցներ են ձեռնարկվում: Մենք չգիտենք նման զինված խմբավորում, որի համար շահավետ կարող է լինել Վրաստանին գազի մատակարարման դադարեցումը: Իսկ այն, որ գազի առաքումը դադարեցվեց ամենացուրտ ժամանակ, մենք դիտարկում ենք որպես շանտաժ եւ քաղաքական ճնշման փորձ: Դա վերաբերում է նաեւ գազի սակագների անարդարցի բարձրացմանը»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը Հյուսիսային Օսեթիայում գազատարի պայթյուններ են տեղի ունեցել: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի հիմնական եւ օժանդակ ճյուղերի վրա 20-րոպեանոց ընդմիջումներով գործել են 700-800 գրամ տրոտիլի հզորությանը համարժեք պայթուցիկ սարքեր: ՌԴ դատախազությունում կարծում են, որ դա դիվերսիա է: Այնուհետեւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ գազամուղի պայթեցումները շանտաժ են Ռուսաստանի կողմից: Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն «հիստերիկ» անվանեց Վրաստնի նախագահի ելույթը: Սակայն Սահակաշվիլին հայտարարեց, թե չի ընդունում Մոսկվայի պնդումները` պայթյուններին գրոհայինների առնչության վերաբերյալ: Ընդ որում Սահակաշվիլին ենթադրել է, որ գազի առաքումները դադարեցվել են ստիպելու համար Թբիլիսիին իր գազատրանսպորտային համակարգը հանձնել Մոսկվայի վերահսկողությանը: