14  07.06.13 - 2014 թվականի ԱԱ ընտրական փուլի Հայաստան- Մալթա հանդիպում

Հայաստանի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Մալթայից

Հայաստանի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Մալթայից

PanARMENIAN.Net - Հայաստան-Մալթա հանդիպման երկրորդ խաղակեսը, որն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, սկսվեց հյուրերի նվազագույն առավելությամբ: Միակ գնդակը խփել էր Միխալ Միֆսուդը:

Հենց սկզբից Վարդան Մինասյանը Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Յուրա Մովսիսյանին: Նրա շնորհիվ բավական աշխուժացավ Հայաստանի հարձակման գիծը: Հայերը մի քանի րոպե պաշարել էին մրցակցի դարպասը, բայց կարծես հաջողությունը հյուրերի կողմն էր, ու նրանք փորձում էին վրեժխնդիր լինել ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանից 0:1 հաշվով կրած պարտության համար: Այն ժամանակ հաղթական գնդակը խփել էր Արթուր Սարկիսովը, որն այսօր տեղ էր գտել պահեստայինների նստարանին ու փոխարինեց Դավիթ Մանոյանին:

Նրա հենց առաջին հպումը գնդակին կարող էր գոլով ավարտվել, բայց երկրպագուները ականատես չեղան դրան: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին հսկայական ճնշում գործադրել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Արաս Օզբիլիս հեռահար և Հենրիխ Մխիթարյանի շեշտակի հարվածները, Յուրա Մովսիսյանի բազմաթիվ ու վտանգավոր անցումները, ոչինչ արդյունք չէր տալիս: Պետք էր աներևակայելի մի բան մտածել խաղը փրկելու ու անակնկալ պարտությունից խուսափելու համար, բայց ոչ ոք չկարողացավ թիմն իր հետևից տանել:

Մալթային հաջողվեց կատարել իր առջև դրված առաջադրանքն ու Երևանից կվերադառնա 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի ընտրանին:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Հայաստանի ու Մալթայի ազգային հավքականները հանդիպել են 4 անգամ ու բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են միևնույն՝ 1:0 հաշվով: Սա մալթացիների առաջին հաղթանակն էր և հայերի նկատմամբ, և այս ընտրական մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---