8 հունիսի 2013 - 11:44 AMT
Ա.Ղուկասյան. ՀԾԿՀ-ի գազի սակագնի բարձրացման վերաբերյալ քննարկումն անցել է օրենքի կոպիտ խախտումներով

«Կանխենք գազի գնի բարձրացումը» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երեկ գազի գնի թանկացման հետ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումներն իրականացվել են օրենքի կոպիտ խախտումներով: Քննարկմանը չի թույլատրվել մասնակցել հասարակական սեկտորը ներկայացնող 400 մարդու և ԶԼՄ ներկայացուցիչներին:

«Մենք նախատեսում ենք այդ խախտումների վերաբերյալ 7 օրվա ընթացքում դիմել դատարան: Նշվում է, որ գազի սակագնի թանկացումը պայմանավորված է սահմանի վրա գազի գնի թանկացման հետ: Մինչ այսօր ոչ ոք չի ներկայացրել «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» թանկացման վերաբերյալ պայմանագիրը, այն շարունակում է գաղտնի մնալ: Մենք ցանկացել էինք տեսնել պայմանագիրը, սակայն մերժում ենք ստացել»,- ասել է նա:

Ղուկասյանը պնդում է, որ գների բարձրացումը արհեստական է: Ըստ նրա, Երևանի բնակիչները վճարում են նրա համար, որ գազիֆիկացվել է ողջ հանրապետությունը, քանի որ գյուղերում գազ կա, բայց դրանից չեն օգտվում.

«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները ցանկանում են ավելի շատ աշխատավարձ ստանալ, այդ պատճառով էլ իրականացնում են այդ քաղաքականությունը: Թանկացման մյուս պատճառն այն է, որ երկրում մեծ արտագաղթ է, և արհեստական թանկացումներն արվում են մյուսների հաշվին շահույթ ստանալու համար: Սա լրջագույն քաղաքական խնդիր է, որից կախված է մեր երկրի ապագան»,- ասաց Ղուկասյանը` եզրափակելով, որ գների բարձրացման դեմ պայքարում են միայն նրանք, ովքեր չեն վախենում իշխող համակարգից, այդ պատճառով էլ նրանց թիվը մեծ չէ: