27 հունվարի 2006 - 14:54 AMT
Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ զինծառայողներին Բանակի օրվա առթիվ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական Բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, զինվորներ եւ հրամանատարաներ, շնորհավորում եմ մեր ժողովրդի եւ պետականության համար նշանակալից տոնի` Բանակի օրվա առթիվ: Ծնունդ առնելով արցախյան հերոսամարտի օրերին եւ միաձուլելով հայկական ռազմարվեստի պատմական հարուստ ավանդույթներն ու հայրենիքի նորօրյա նվիրյալների ազատատենչ ոգին, հետագա տարիներին հայոց բանակը կայացման փառավոր ճանապարհ է անցել: Գրեթե մեկուկես տասնամյակի ընթացքում ժողովրդի ու պետության կողմից բանակաշինության նկատմամբ ցուցաբերված հոգատարության, ազգ-բանակ-պետություն միասնության հիմքերի ամրապնդման շնորհիվ, հայոց բանակն այսօր ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի պետական սահմաններն ու անկախությունը, այլեւ հնարավոր մասնակցություն ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին, նոր մարտահրավերների դիմակայմանը: Շարունակելով բանակաշինությանն ուղղված համազգային մեր ջանքերը, մենք հստակորեն գիտակցում ենք, որ հայկական զինված ուժերի հետագա հզորացումը նաեւ Արցախի անվտանգության կարեւոր երաշխիքներից է: Շնորհավորելով հայոց բանակի կազմավորման 14-ամյակի առթիվ, բոլորիս մաղթում եմ տեւական խաղաղություն, մեր պետությանը` կայունություն ու հզորացում, հայոց բանակին բարձր մարտունակություն` ի շահ մեր ժողովրդի եւ պետության», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: