8 հունիսի 2013 - 13:25 AMT
Թուրքագետ. Էրդողանն աստիճանաբար փոխզիջման կգնա, և Թուրքիայում լարվածության մակարդակը կիջնի

Աֆրիկայից Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա վերադարձից հետո այդ երկրում տեղի ունեցող ցույցերը փոքր-ինչ հանդարտվել են և շարունակում են պայքարը զուտ ակտիվիստները: Այս կարծիքն արտահայտեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ըստ թուրքագետի, Գեզի պուրակի ծառահատման հետ կապված ակցիաները վերածվեցին Էրդողանի դեմ բողոքի ակցիայի, որին միացան նաև ընդդիամադիր ուժերը:

«Ազգայնականները հայտարարեցին, որ կիջնեն Թաքսիմի հրապարակ, սակայն չմասնակցեցին` ապահովագրելով իրենց: Երբ Աֆրիկայից Էրդողանը եկավ, հայտարարեց, թե պուրակում կառուցապատումները կանեն, ուղղակի ծառերը շատ կլինեն, ինչը մինչ այդ չէր ասում»,- ասաց Իսպիրյանը:

Թուրքագետն ասաց, որ Էրդողանի կուսակցության համար հաջող ելք ունեցավ այն փաստը, որ Քրդական բանվորական կուսակցության զինյալները չմիացան այդ խժդժություններին. «Հակառակ դեպքում զոհերն անհամեմատ շատ կլինեին և ավելի մեծ ծավալներ կներառեին»:

«Սա տիպիկ թուրքական քաղաքացիական ակցիա էր, և սխալ են այն կարծիքները, թե սա հրահրված էր Սիրիայի կամ էլ Իրանի կողմից: Կարծում եմ, որ Էրդողանը աստիճանաբար փոխզիջումների կգնա, լարվածության մակարդակը կիջնի»,- հավելեց նա: