ՀՀ նախագահը Մոնսերատ Կաբալիեին է հանձնել ՀՀ ամենապատվավոր շքանշաններից մեկը

ՀՀ նախագահը Մոնսերատ Կաբալիեին է հանձնել ՀՀ ամենապատվավոր շքանշաններից մեկը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

Հանրապետության նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով և համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը:

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալիեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության և սիրո տրված պարգևը:

«Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,- ասել է Մոնսերատ Կաբալիեն:

Երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---