27 հունվարի 2006 - 16:50 AMT
Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ՀՀ գազամատակարարումը չվերականգնվի, կսահմանափակվի բնակչության գազամատակարարումը
«Եթե Հայաստանի գազամատակարարումը վերականգնվի հունվարի 28-ին, ինչպես խոստացել է «Կովկաստրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւվը, ապա բնակչությանը գազամատակարարման սահմանափակում չի լինի»,- PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է «ԱրմՌոսգազպրոմ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերի համաձայն, դեռեւս պահապանվում է Հայաստանի բնակչությանը գազի մատակարարման նորմալ ռեժիմը, բացառությամբ Հրազդանի ՋԷԿ-ի: Սակայն եթե երկու օրերի ընթացքում Հայաստանի գազամատակարարումը չվերականգնվի, ընկերությունը առաջին հերթին կսահմանափակի գազալցակայաններին ապա եւ բնակչությանը մատակարարվող գազի ծավալները, բացառությամբ երկրի կենսապահովման օբյեկտների: «Ամեն բան կախված է վերականգնողական աշխատանքների ժամանակացույցից եւ ժամկետից»,- հայտարարեց Շ.Սարդարյանը: Ներկայումս «ԱրմՌոսգազպրոմը» շարունակում է օգտագործել Աբովյանի ԳՍՊ-ի գազի պաշարները, որ կազմում են 80 մլն խորանարդ մետր գազ: Հիշեցնենք, որ այսօր «Կովկաստրանսգազ» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Զինովեւվը հայտարարել է, որ գազի մատակարարումը Հայաստան եւ Վրաստան կարող է վերականգնվել հունավարի 28-ին: Հունվարի 22-ին պայթեցված գազատարի վերականգնման աշխատանքները, Վասիլի Զինովեւի խոսքերով, հասել են իրենց վերջնակետին: «Մենք պատրաստվում ենք գազի մատակարարումը վերականգնել շաբաթ օրը»,- հայտարարել է «Կովկաստրանսգազ» ընկերության գլխավոր տնօրենը: