10 հունիսի 2013 - 16:06 AMT
Ղրիմում որոնում են «Արմենիա» շոգենավի վախճանի վայրը

Վերջին տարիներին Սև ծովը սկսել է «վերադարձնել» ծովային աղետների արժեքավոր նմուշները: Դրանցից մեկը «Արմենիա» շոգենավի վախճանն է 1941թ. նոյեմբերին: Օգոստոսին Ղրիմի գիտնականների գիտարշավը կփորձի լուսյ սփռել այդ գաղտնիքի վրա:

Ինչպես հայտնում է ukrinform.ua-ն, մինչ օրս հայտնի չէ, թե հատկապես որտեղ է տեղի ունեցել աղետը, քանի մարդ է զոհվել (նշվում է 5-7 հազար թիվը) և ինչ արժեքներ ու փաստաթղթեր էր տեղափոխում «Արմենիան»:

Կա վարկած, որ 8 մարդու այնուամենայնիվ հաջողվել է փրկվել: Սակայն, ինչպես պատմում է Ստորջրյա հետազոտությունների սևծովյան կենտրոնի տնօրեն Սերգեյ Վորոնովը, այդ ենթադրությունը բավականին աղոտ է: Նա ներգրավել է այդ գործում փորձագետների ԱՄՆ-ից ու Գերմանիայից, որոնք գտան «Տիտանիկը», սակայն՝ ապարդյուն:

Գիտարշավը հուսով է, որ օգոստոսին կհաջողվի գտնել նավաբեկության վայրը, նշելու համար այն նավիգացիոն քարտեզներում, իսկ հետո հազարավոր մարդկանց մահվան վայրը վերածել Ծովային միջազգային հուշահամալիրի: