10 հունիսի 2013 - 16:58 AMT
Բոժկո. Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական ճշմարտության հաստատում կլինի

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական ճշմարտության հաստատում կլինի, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ ու թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն:

«1915թ. դաժան կոտորածից հետո ուկրաինական հողում ապաստան գտան հարյուրավոր ու հազարավոր հայ փախստականներ, որոնց ժառանգներն այսօր ժամանակակից Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանք երախտագիտությամբ կընդունեին մեր երկրի օրենսդիր մարմնի նման որոշումը: Իսկ նրանց հետ միասին՝ նաև մենք, միլիոնավոր ուկրաինացիներս, որ մեր մաշկի վրա ենք զգացել նման քաղաքականության ողջ անմարդկային ծանրությունը, այս դեպքում արդեն բոլշևիկների կողմից՝ Գոլոդոմորի (Սովամահության) տարիներին և դեպի Սիբիր զանգվածային բռնագաղթի ժամանակ»,-հայտարարել է Ալեքսանդր Բոժկոն:

Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին արձանագրվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը: Թիվ 2254ա օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: