28 հունվարի 2006 - 13:30 AMT
Ա.Յունուսով. Ադրբեջանը ջանում է ռազմական գործողությունները վերսկսելու պատրանք ստեղծել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ռուսաստանում լույս տեսնող «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` անցած տարվա դեկտեմբերի 16-ի հրամանագրով ստեղծվող պաշտպանական արդյունաբերության նախարարությունն արտադրելու է «զենքի բոլոր տեսակները»: «Նախարարության ստեղծումը շատ լավ է երկրի համար եւ կհանգեցնի դրական արդյունքների», - ասել է նա: - «Մենք արտադրելու են ադրբեջանական բանակին անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները»: Նոր նախարարությունը ձեւավորվելու է Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսիայի պետական կոմիտեի բազայի վրա: Կառավարությունը պետք է նախապատրաստի եւ Ադրբեջանի ղեկավարին ներկայացնի առաջարկություններ նախարարության կանոնադրության եւ կառուցվածքի մասին: Որոշ ադրբեջանցի քաղաքագետներ վաղուց էին պնդում, թե պատերազմի վերսկսկման վտանգի առջեւ կանգնած երկրին պաշտպանական արդյունաբերության նախարարություն պարզապես անհրաժեշտ է: Այսօր Ադրբեջանի զինված ուժերի պահանջմունքները բավարարվում են հիմնականում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշվին:

Փորձագետներից շատերը այս նախարարության ստեղծումը կապում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին նախապատրաստվելու հետ: Սրա հետ, սակայն, համաձայն չէ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը: Նրա կարծիքով, Արդբեջանը ընդամենը ջանում է ստեղծել ռազմական գործողությունները վերսկսելու պատրանք: «Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանը ուզում է ցույց տալ իր ուժերն ու հնարավորությունները», - ասել է Յունուսը` հավելելով, որ, ստեղծելով պաշտպանական արդյունաբերության նախարարություն` Ադրբեջանն ուզում է բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու հավելյալ լծակներ ստանալ: «Դրանով Ադրբեջանն ուզում է ցուցադրել ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ սեփական հայտարարությունների ծանրակշռությունը», - կարծում է ադրբեջանցի փորձագետը: - «Պարզ է, որ ղարաբաղյան համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո (եթե, իհարկե, դա տեղի ունենա), պաշտպանական արդյունաբերության նախարարությունը կվերածվի անպետք կառույցի ու կլուծարվի»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: