30 հունվարի 2006 - 13:07 AMT
ԵԱՀԿ. Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը կա ճեղքում արձանագրելու համեստ հնարավորություն
ԵԱՀԿ մամլո քարտուղար Քիթ Ջինքսը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը «կա ճեղքում արձանագրելու համեստ հնարավորություն»: Մեկնաբանելով ԵԱՀԿ Գործող նախագահի նախորդ շաբաթ կայացած այցը Երեւան եւ Բաքու` Քիթ Ջինքսն ասել է, որ Կարել դը Գուխտի այցը ճանաչողական բնույթ էր կրում: «Նա պետք է ծանոթանար Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կարծիքներին, պարզեր հնարավոր փոխզիջման ներուժը փարիզյան հանդիպումից առաջ»: Ինչպես գիտեք, սա մի շարք հանդիպումներից մեկն է, որոնք նախատեսվում են, որպեսզի աստիճանաբար, քայլ առ քայլ հնարավոր լինի հասնել համաձայնության այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման սկզբունքային հարցերի շուրջ, եթե դա հնարավոր լինի իրականացնել»,-հայտարարել է ԵԱՀԿ մամլո քարտուղարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք զուգադիպություն է, որ ԵԱՀԿ նախագահի այցը Բաքու եւ Երեւան կայացավ նույն ժամանակահատվածում, ինչ ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այցը Հայաստան եւ Ադրբեջան` Քիթ Ջինքսը հայտարարեց.«Ես կարծում եմ, որ դա, հավանաբար, ուղղակի զուգադիպություն է, եւ պատահականություն, որ երկու նախագահները հանդիպել են ոչ միայն մեր ներկայացուցիչների հետ, սակայն մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու նաեւ երկու հանրապետությունների ազգային փոքրամասնությունների եւ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սա շատ արագընթաց այց էր, կարճատեւ, բայց արդյունավետ: Հիմնական նպատակն էր պարզել իրական իրադրությունը հանրապետություններում, անձնական, գործնական շփումներ հաստատել, եւ ինձ թվում է, որ այդ խնդիրները կատարվեցին, այդ այցի արդյունքների վերաբերյալ տպավորությունը շատ դրական էր: Ես կարծում եմ, որ նախարարը զգուշավոր լավատեսություն կունենա առաջիկայում առաջընթացի հասնելու հարցում: Եվ այսօր կա ճեղքում արձանագրելու համեստ հնարավորություն Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպման ժամանակ: Այնուամենայնիվ, դա հնարավորությունների պատուհան է, որը առաջացավ այժմ սահմանադրական փոփոխություններից, որոնք անց են կացվում այսօր Հայաստանում, եւ Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո: Հնարավորությունների առկա պատուհանը պահանջում է լուրջ աշխատանք մինչ բանակցությունների հաջորդ փուլը, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ կոնկրետ չլուծված խնդիրների վրա: Ես կարծում եմ, որ այդ բանակցությունների կարեւոր արդյունքն այն եղավ, որ հարցերը, խնդիրները պետք է լուծվեն աստիճանաբար: Այնուամենայնիվ, խոչընդոտներ դեռեւս կան: Դա, իհարկե, վերաբերում է տարածքների հարցին, որը մենք քննարկում ենք, այդ հարցում առաջխաղացման արագությանը, այնտեղ խաղաղապահ ուժերի հնարավոր կիրառմանը, որոնց ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պահպանել խաղաղությունն այդ իրավիճակում»:

ԵԱՀԿ մամլո քարտուղարն ասել է, որ Գործող նախագահի տարածաշրջան կատարած այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր խաղաղապահ գործողության անցկացման հարցը մանրամասնորեն չի քննարկվել: «ԵԱՀԿ-ում կա հեռանկարային պլանավորման խումբ, որը զբաղվում է խաղաղապահ ուժերի տեղակայման վայրի հարցերով, նա անում է դա երկար տարիներ, այդ ծրագիրը պարբերաբար նորացվում է, սակայն ներկայումս այդ մանրամասները դեռեւս չեն մտել քննարկումների օրակարգ: Այդ հարցին դեռ պետք է մոտենալ», - նշել է Ջինքսը: