10 հունիսի 2013 - 20:39 AMT
Սյունիքի անտառապետը բերման է ենթարկվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառպետության անտառապետ Կարեն Սարգսյանին:

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Սյունիքի համայնքապետարանի մոտից հայտնաբերել են «Կամազ» բեռնատար ավտոմեքենա՝ բարձած փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանման տարածք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հայտնում են, որ ուղևորն ասել է, որ 20 խորանարդ մետր փայտանյութը նույն օրը գնել է Եղվարդ գյուղին հարակից անտառամասից, որի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի Սյունիքի անտառապետին, բացի փայտանյութի արժեքից, որպես կաշառք տվել է ևս 140 հազար դրամ: Ավելին` նմանատիպ գործողություն կատարել են նաև հունիսի 1-ին և 5-ին:

Ոստիկանություն է բերման ենթարկվել անտառապետ Կարեն Սարգսյանը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ անտառապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ծառայության շահերին հակառակ, անձնական և շահադիտական նպատակներով նույն օրը առանց համապատասխան փաստաթղթի վաճառել է 27.5 խորանարդ մետր բոխի տեսակի փայտանյութ՝ գումարը չմուտքագրելով դրամարկղ: Բացի այդ, պարզվել է նաև, որ անտառապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ իր եղբոր անունով, սակայն մասնաճյուղի իր ենթակայության տակ գտնվող երեք պահաբաժնի «Սարի արտ» կոչվող տարածքից վերցրել և շահագործել է հատատեղ: Կատարվում է հետաքննություն: