10 հունիսի 2013 - 21:11 AMT
Երևանի գյուղմթերքների շուկաներում սանիտարական վիճակին հետևելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ, հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները և անհրաժեշտության դեպքում նորացնել դրանք: Հանձնարարվել է նաև բարեկարգված փողոցներում շարունակել լուսաանդրադարձիչների տեղադրման աշխատանքները:

Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2013թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2012թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը: