11 հունիսի 2013 - 11:18 AMT
Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց. Ավագանու հատուկ նիստը շարունակվում է

Քիչ առաջ Երևանի քաղաքապեարանում ՀՀ պետական հիմնով մեկնարկեց ավագանու հատուկ նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

«Երդվում եմ բարեխղճորեն ու ազնվորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Պահպանել սահմանադրությունն ու օրենքները: Կատարել ավագանու որոշումներն ու գործել` ի բարօրություն հանրության: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Երևանի պատմության թանգարանից հանդիսասրահ բերվեց Երևանի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան, որը Տարոն Մարգարյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը, երդման ստորագրված տեքստն ի պահ դրվեց Երևանի պատմության թանգարանում, հնչեց Երևանի հիմնը:

Ավագանու նիստը շարունակեց վարել Տարոն Մարգարյանը: Նիստին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սագսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունայնը, պատգամավորներ, նախարարներ ու այլ պաշտոնատար անձինք: