31 հունվարի 2006 - 16:20 AMT
ԱՀ ԱԳՆ ղեկավար. Երեւանն ու Բաքուն դեռ պետք է համաձայնության գան Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երեք հարցի շուրջ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը եւ Հայաստանը դեռ պետք է համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող երեք հարցի շուրջ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա երեք հիմնական խնդիր: Հուսով եմ, մեզ կհաջողվի լուծել դրանցից երկուսը», - հայտարարել է ԱՀ արտգործնախարարը: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չառաջնորդեն գործընթացը, բանակցությունները կշարունակեն նախագահները»,- ավելացրել է նա: Էլմար Մամեդյարովը, միաժամանակ, թերահավատ է փետրվարի 11-ից 12-ը Ֆրանսիայում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքների հարցում: «Եթե հայերը շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, ապա չեմ կարծում, որ բանակցություններում առաջընթաց արձանագրվի»,- նշել է Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: