12 հունիսի 2013 - 10:03 AMT
Վարդան Մինասյան. Մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է, որ Մալթայից կրած պարտությունից հետո թիմում փոխվել է հոգեբանությունը:

«Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր»,- նշել է մարզիչը:

Նա խոստովանել է, որ իր համար խաղի արդյունքը անակնկալ էր, սակայն նա չի կենտրոնանում հաշվի վրա, քանի որ իր համար կարևորը ցուցադրած խաղն է և արդյունքը. «Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել և հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք»:

Մինասյանն ավելացրել է, որ Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: «Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի»,- ավելացրել է նա: