1 փետրվարի 2006 - 12:44 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Ցանկացած համաձայնագիր պետք է հաղթական արդյունքներ բերի ղարաբաղյան հակամարտության կողմերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 1-ին Բաքվում մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում բանակցությունների ընթացքում կքննարկվեն «երեք չհամաձայնեցված հարցերը»: Նրա խոսքերով, կճշտվի նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարի 10-11 Փարիզում կայանալիք հանդիպման օրակարգը: Փետրվարի 2-ին միջնորդները կմեկնեն Երեւան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Մինչդեռ, ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Սթիվեն Մաննը հայտարարել էր, որ «եթե կողմերը ջանքեր գործադրեն, գնան փոխզիջման եւ քաղաքական կամք դրսեւորեն, ապա 2006 թվականը կարող է դառնալ Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագրի տարի»: «Մենք հավատում ենք, որ հնարավորություն կա հասնել խաղաղ կարգավորման առաջիկա ամիսներին»,-նշել է նա: «ԱՄՆ տեսակետից կարող եմ ասել, որ մենք հավատում ենք, որ հնարավորություն կա հասնել խաղաղ կարգավորման առաջիկա ամիսներին: Կարծում եմ, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հանդիպումները շատ են կարեւորվում: Եվ կրկին ԱՄՆ անունից ես կարող եմ ասել, որ մենք չէինք ցանկանա, որպեսզի կողմերը բաց թողնեն այդ պատմական շանսը», հայտարարել է Ս.Մաննը: «Արդեն բավական տեւական բանակցային գործընթացը ընթանում է ճիշտ ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ կողմերը էական արդյունքների են հասել: Ցանկացած համաձայնագիր պետք է հաղթական արդյունքներ բերի ղարաբաղյան հակամարտության կողմերին, համաձայնագրում պետք է ինչ-որ օգտակար բան լինի երկու կողմերի համար: Կարծում եմ, որ քննարկումներն էլ ընթանում են այդ ուղղությամբ: Սակայն դրանք շատ դժվար հարցեր են: Եթե խնդիրները այդքան բարդ չլինեին, ապա դրանք վաղուց լուծված կլինեին: Երկու նախագահները, ինչպես նաեւ արտգործնախարարները բարի կամք են դրսեւորում: Սակայն, չնայած դրան, քննարկվող հարցերը շատ բարդ են: Եվ այդ պատճառով ես չէի ցանկանա նսեմացնել մեր առջեւ ծառացած խնդիրը»,-ամփոփել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: