12 հունիսի 2013 - 12:51 AMT
Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է երկրի ղեկավարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:Հանրապետության նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:

ՌԴ բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն: