12 հունիսի 2013 - 16:19 AMT
ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ն Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այց են կատարել

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) (Համաշխարհային բանկի մասնավոր ներդրումային ճյուղ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունները հունիսի 3-7 Հայաստանում էին՝ Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այցով:

ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը Լիդիան ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերից են, որի դուստր ձեռնարկությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագիրը:

Պատվիրակությունները կազմված էին ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական, հանքարդյունաբերական և ֆինանսական ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ ունեցան Լիդիանի և Գեոթիմի հետ, հանդիպեցին Հայաստանի կառավարության մի շարք անդամների հետ և այցելեցին Ամուլսար և շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ և Գորայք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք:

Նրանք ծանոթացան Լիդիանի և Գեոթիմի կողմից իրականացվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկեցին, «Էկվատորյան սկզբունքների» շրջանակներում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ հետագա քայլերը:

«ՄՖԿ-ն հանքարդյունաբերության ոլորտում իր հաճախորդներին, ինչպիսին օրինակ Լիդիանն է, մեծ ուշադրությամբ է ընտրում: Ամենակարևոր սկզբունքը՝ բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին հետևելու ընկերության պատրաստակամությունն է: Մենք պարբերաբար հետևում ենք դրան, ինչպես օրինակ անցյալ շաբաթ կատարած այցելության ընթացքում: Տպավորված ենք ծրագրի վաղ փուլից սկսած Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով: Այժմ մենք սպասում ենք ընկերության Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանը (ԲՍԱԳ), որը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին ծրագրի ռիսկերի և օգուտների շուրջ տեղեկացված քննարկում վարելու»,- ասել է ՄՖԿ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ղեկավար Ռոբին Վայսմանը:

«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հաճախորդների կողմից բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշների կիրառման ապահովմանը: Մեզ գոհացնում է, որ Լիդիանը և Գեոթիմը խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ և իրականացնում են լայնածավալ հետազոտություններ, պատրաստելով Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը: Բարձր ենք գնահատում անցյալ շաբաթ նրանց ընթացիկ ծրագրերին ծանոթանալու հնարավորությունը և մենք արժեքավոր տեղեկություններ ստացանք կառավարության և տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում:

Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին, որպեսզի վստահ լինենք, որ այն համապատասխանում է մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականության պահանջներին և սպասում ենք լայնածավալ հանրային քննարկումներին, որոնք ընկերությունն ակնկալում է անցկացնել առաջիկա ամիսներին՝ ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո», -ասել է ՎԶԵԲ գլխավոր բնապահպանական խորհրդատու Ջեք Մոզինգոն:

Լիդիանը և Գեոթիմը հավատարիմ են ՄՖԿ- ի, ՎԶԵԲ-ի և «Էկվատորյան սկզբունքների» բոլոր բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությանը: Մենք նպատակ ունենք իրականացնելու օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր, որից տնտեսապես կշահեն երկիրն ու համայնքները, միաժամանակ հաստատելով բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ: