12 հունիսի 2013 - 16:47 AMT
Դեսպան Ի. Տաղիս. Հունաստանի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրեց, որ հունական կողմի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում և իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: