1 փետրվարի 2006 - 15:29 AMT
Ս.Մարկեդոնով. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է»
Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը չի տեսնում որոշակի նախադրյալներ «այս տարի ղարաբաղյան հարցում ինչ-որ առաջխաղացման համար»: Նա չի կիսել ԵԱՀԿ նոր նախագահ Կարել դե Գուխտի լավատեսությունն այն առումով, թե 2006թ-ը շրջադարձային կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Հիշեցնենք, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Կարել դե Գուխտը կապել էր իր լավատեսական հույսերը Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունների հետ : Ս. Մարկեդոնովը ամենեւին չի կիսում ԵԱՀԿ նախագահի լավատեսությունը, քանի որ , ըստ նրա «ժողովրդավարությունն ու խաղաղարար գործընթացը զուգահեռ մակերեսներում են ընթանում եւ այնքան ել չեն խաչաձեւվում»: «Մի խոսքով ժողովրդավարությունը ոչ մի կապ չունի այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության հարցի հետ»,- ավելացրեց նա: Ըստ նրա այժմ Կարել դե Գուխտի հետ մեկ տեղ նաեւ ռուս քաղաքագական գործիչներն էլ են սկսել հայտարարություններ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման մասին հենց այս տարի: Ռուս քաղաքական գործիչների փաստարկները, գտնում է քաղաքագետը, հիմնականում հանգեցնում են նրան, որ մոտ օրերս տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունների հերթական փուլը: «Սակայն նման հանդիպումներ, եթե դուք հիշում եք, քիչ չեն եղել: Սակայն ոչ մի լուրջ առաջխաղացում այդ հարցում մենք չենք տեսել: Ցավոք, մինչ այժմ հայկական եւ ադրբեջանական կողմերը դեռեւս չեն հասել փոխզիջման»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը: Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ Կարել դե Գուխտի խոսքերը մեկ նպատակ են հետապնդում: «Այդ պետական այրը պարզապես ուզում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար: Սակայն հավատացեք, ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է» -եզրափակել է Ս.Մարկեդոնովը, հաղորդում է «Զեռկալո» թերթը: