13 հունիսի 2013 - 10:52 AMT
Հենրիխ Մխիթարյան. Բոլոր խաղերում «Շախտյորը» տրվել է 100 տոկոսով, որպեսզի հաղթի

«Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ակումբի երկրպագուները ճանաչել են 2012-2013 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով նա հավաքել է երկրպագուների ձայների 63 %-ը:

«Այս տարվա ամենալավ հիշողությունները կապված են չեմպիոնության և Գավաթը նվաճելու հետ: Յուրաքանչյուր խաղ մեզ համար դժվար է եղել, բայց «Շախտյորը» տրվել է 100 տոկոսով, որպեսզի հաղթի: Դրա շնորհիվ է, որ մենք չեմպիոն ենք դարձել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, իրենց համար ամենակարևոր խաղը եղել է Կիևի «Դինամոյի» դեմ, երբ զգացել են, որ ապահովել են ոսկե մեդալներ: Այս մրցաշրջանում Մխիթարյանը գերազանցել է Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը` խփելով 25 գնդակ: Նա խոստովանել է, երբ նախորդ տարի 12 գնդակ է խփել, մտածել է, որ հետագայում պետք է բարելավի այդ ցուցանիշը. «Բայց այնպես ստացվեց, որ ես կրկնակի անգամ ավել գնդակ հեղինակեցի: Երբ արդեն 22 գնդակ ունեի գրանցած, 3 խաղ շարունակ չէի կարողանում գոլ խփել, ու դա սկսել էր ինձ անհանգստացնել: Բայց թիմակիցներիս շնորհիվ, ես գոլերի թիվը հասցրի 25-ի: Ուրախ եմ, որ իմ գոլերով ուրախացնում եմ «Շախտյորի» երկրպագուներին և հայերին, որոնք աջակցում են ինձ»: