13 հունիսի 2013 - 12:41 AMT
Ռ. Հայրապետյան. Մալթայի դեմ Հայաստանը կարող էր 2 ֆուտբոլիստով պակաս խաղալ և հասնել հաղթանակի

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ ԱԱ ընտրական մրցաշարի Մալթայի դեմ Հայաստանի ընտրանին կարող էր 2 ֆուտբոլիստով պակաս խաղալ և հասնել հաղթանակի: Նրա խոսքով, Վարդան Մինասյանը ճիշտ կազմ էր ընտրել, սակայն մարտավարության մասին ոչինչ չի կարող ասել:

«Մարզչից լավ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ով է պատրաստ հանդիպմանը: Յուրա Մովսիսյանը հիմնական կազմում չի եղել, որովհետև նա խաղից մեկ օր առաջ էր միացել թիմին` կտրելով օվկիանոսը: Երկրորդ խաղակեսում մտավ, կարողացա՞վ ինչ որ բան անել, իհարկե, ոչ»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ նա տեղյակ չի եղել Մովսիսյանի ուշացման մասին: Նրա խոսքով, ֆուտբոլիստին մեկ օրով զրկել են թիմի հետ մարզվելու իրավունքից. «Յուրան ներողություն է խնդրել թիմի կարգապահությունը խախտելու համար, նա ընդունել է իր սխալը և խոստացել, որ էլ չի կրկնվի»:

ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Մալթա հանդիպումն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: