2 փետրվարի 2006 - 12:50 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբին Բաքվում դիմավորել են «Համանախագահներ հեռացե'ք» կարգախոսով
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փարիզյան հանդիպումը նախապատրաստելու նպատակով երկու օր առաջ Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանց հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ: Բանակցությունների ավարտից հետո համանախագահները տեսնելով հանդիպման վերաբերյալ մեկնաբանությունների սպասող լրագրողներին, դուրս եկան արտգործնախարարության ոչ թե շքամուտքից, այլ ետնամուտքից, եւ մեկնեցին Իլհամ Ալիւեի հետ հանդիպման:

Է.Մամեդյարովի հետ համանախագահների հանդիպման ժամանակ ադրբեջանական Ղարաբաղի ազատագրաման կազմակերպության (ՂԱԿ) անդամները կազմակերպության փոխղեկավար Ֆիրուդդին Մամեդովի գլխավորությամբ փորձել են մտնել արտգործնախարարության բակը` «Ազատություն Ղարաբաղին» եւ «Համանախագահներ հեռացե'ք» կարգախոսով: Սակայն ԱԳՆ շենքի առջեւ գտնվող ոստիկանության աշխատակիցները նստեցրել են նրանց ավտոբուս եւ հեռացրել այդ տարածքից:

Նույն օրը համանախագահների հետ է հանդիպել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ, քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: