14 հունիսի 2013 - 10:31 AMT
Լիբիայի Բենղազի քաղաքի հեռուստաընկերության շենքում ռումբ է պայթել

Լիբիայի Բենղազի քաղաքի al-Hurra հեռուստաընկերության շենքում ռումբ է պայթել: Շենքը վնասվել է, բայց զոհեր չկան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հեռուստաընկերության աշխատակիցներից մեկին:

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր մտահոգությունն էր հայտնել Լիբիայում տիրող իրավիճակի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ դրսևորվող վերաբերմունքի առնչությամբ:

«Վերջին ամիսներին լրագրողները մեկ անգամ չէ, որ հարձակումների են ենթարկվել: Զինյալները նրանց բազմիցս սպառնացել են, եղել են նաև առևանգումներ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Լիբիացի զինյալները, ովքեր պայքարում էին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի դեմ, հաղթանակից հետո իրենց վրա են վերցրել պետական կառույցների անվտանգությունն ապահովվելու պատասխանատվությունը:

Բայց լիբիացիների մեծ մասը կարծում է, որ նրանք զինված խմբավորումների են վերածվել, ովքեր ձերբակալում նե մարդկանց և անկարգություններ են հրահրում փողոցներում, հաղորդում է РБК-ն: