14 հունիսի 2013 - 13:23 AMT
ՕԵԿ. Իշխանության մեջ մաս կազմելը մեզ չի կաշկանդում խոսել այն խնդիրներից, որոնք կան

«Օրինաց երկիր» խմբակցությունն առաջարկելու է «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրենքը փոխել և ՎՊ արձանագրած ցանկացած խախտում միանգամից ուղարկել դատախազություն: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նաև նշեց, որ առաջարկելու են, որ «Դախազության մասին» օրենքում ևս հավելեն մի դրույթ, որով դատախազությունը կքննի այն բոլոր նյութերը, որոնք տրվել են Վերահսկիչ պալատի կողմից և համապատասխան հաղորդում տրվի Ազգային ժողովին:

«ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետությամբ մենք ականատես եղանք զանգվածային ալան-թալանի: Օրենքի դեմ բոլորը հավասար են և եկել են այն ժամանակները, երբ բոլորը պետք է անխտիր պատասխանատվություն կրեն` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,-ասաց Հովհաննես Մարգարյանը և նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում պատգամավոր, պետք է վերաբերվի լավին` լավ, վատին` վատ սկբունքով:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահի՝ իշխանությանն ուղղված քննադատություններին, հայտարարեց, որ իշխանության մեջ մաս կազմելը իրենց չի կաշկանդում խոսել այն խնդիրներից, որոնք կան: «Մենք նույն ոճով աշխատում ենք և ընդդիմութուն եղած տարիներին կարոտելու խնդիր չկա: Մեր ժողովուրդն արդարության կարոտ է, նրան պետք է աշխատանք և պաշտպանվածություն, որի համար մենք ջանքեր չենք խնայում»,- ասաց ՕԵԿ պատգամավորը: