14 հունիսի 2013 - 14:12 AMT
Երևանի 16 բուժհաստատությունների համար ձեռք կբերվեն նոր սարքավորումներ

Երևան քաղաքի բյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15-ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:

Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել: