14 հունիսի 2013 - 14:39 AMT
Պատգամավորը՝ Գորիսի միջադեպի մասին. Մարդկանց թվում է՝ անպատժելիության պսակ ունեն

Սյունիքի արդեն նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպը հետևանք է նրա, որ վերարտադրված համակարգն ունի անպատժելիության պսակ: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ Սյունիքի միջադեպը մեծ հնչեղություն ստացավ, ուստի պետք է ուշադրության կենտրում պահել գործը և հետևողական լինել, որ մեղավորները անկախ պաշտոնից և դիրքից պատժվեն: Պատգամավորը նշեց, որ Սյունիքի մարզը միշտ էլ աչքի է ընկել անպատժելիությամբ։ «Մարդկանց թվում է, որ իրենք անպատժելիության պսակ ունեն, բայց եթե այդ մթնոլորտը շարունակվի, նույն բանը տեղի կունենա նաև այլ անձանց հետ, մարդիկ երկարատև ծառայություններ են մատուցում իշխանություններին և չարիք դառնում հասարակության համար: Իշխանությունները, տեսնելով, որ այդ մարդիկ անգամ իրենց վերահսկողությունից են դուրս գալիս, ուշացած քայլեր են անում»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը շեշտեց, որ սա պատահական հանցագործություն որակել չի կարելի, և միայն այն, որ այդքան զենք և զինամթերք է հայտնաբերվել, արդեն տագնապ է հարուցում, մարդիկ այդպիսով սեփական բանակներ են ստեղծում: «Պետք է գիծ քաշել և ասել, որ այլևս օրենքի առաջ բոլորը հավասար են: Հիմա լավագույն առիթն է, որ գործը բացահայտվի, մատերի արանքով նայել չի կարելի»,- ասաց նա։

Ավանդական ճեպազրույցների ժամանակ Սյունիքի մարզի միջադեպին անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և նկատեց, որ արդեն իսկ վարույթն իրականացնող մարմինն ունի կանխակալ մոտեցում, որը հրապարակվեց զինդատաղազի շուրթերով, ով հայտարարեց, որ նախկին մարզպետը դեպքի վայրում չի եղել: «Չեմ կարծում, որ այդ հանցագործությունը կբացահայտվի այնպես, ինչպես ակնկալում է հասարակությունը: Հնարավոր է այն դասվի իբր բացահայտված հանցագործությունների շարքին: Այս պահին հավատ ներշնչող ոչինչ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Հունիսի 6-ին կառավարությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, որոշում էր ընդունել Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նույն օրը վավերացրեց ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: