14 հունիսի 2013 - 15:09 AMT
Վարչապետ. Պետք է փոխենք մեր մտածողությունը, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս համաժողովը կարևոր է, քանի որ Հայաստանի առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց պետք է լուծումներ տրվեն:

«Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ է: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:

Այնուհետև վարչապետը բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրել է մի քանի թեզ, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ գոյություն ունի երկու կառավարության գործունեության թափանցիկության պատճառ: «Առաջին պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք: Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետն ավելացրել է, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի:

«Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,- ասել է գործադիրի ղեկավարը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները և այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ:

Արդյունքում՝ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ և ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը աշխարհի առաջին հինգ պետություններից է, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ:

«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին և կասկած հայտնել՝ արդյոք այս գործարքն արդարացված էր»մ- նշել է վարչապետը` հավելելով, որ այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ ու« ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ»: Ըստ Սարգսյանի` այսօր նման պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան է:

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում.

«Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առջև և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությունը կներկայացնի «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանյան գործողությունների ծրագիրը և դրանով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը: