14 հունիսի 2013 - 15:10 AMT
Թբիլիսիում ՀՀ դեսպանությունն առավել արդյունավետ կպաշտպանի Հայաստսնի քաղաքացիների իրավունքները

Հունիսի 14-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Քննարկվեցին նաև ընթացիկ համագործակցության ձևերն ու եղանակները` նպատակ ունենալով բարձրացնել դեսպանության գործունեության արդյունավետությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում:

Դեսպան Մանուկյանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերքը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը և ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ: