
ՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժանք:
Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդությունն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։
Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում: Խնդիր կար նաև ստուգել և ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջև:
Ուսումնավարժությունը նաև ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը ստուգելու նպատակով էր: Նաև ՀՀ պետական սահմանային հսկողության իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ և հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող և նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը ապահովելու խնդիր կար: Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը ևս նպատակների թվում էր:
Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները և արդիականությունը հանրապետության տարածքում:
Վարժանքի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և անկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվել են նաև շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ: