Կոմանդոսը` բանակում աղջիկների ներկայության մասին. Անահիտ ունեինք, որ իր ջոկատում 20 տղամարդ ուներ և լավ էլ ղեկավարում էր

Կոմանդոսը` բանակում աղջիկների ներկայության մասին. Անահիտ ունեինք, որ իր ջոկատում 20 տղամարդ ուներ և լավ էլ ղեկավարում էր

PanARMENIAN.Net - Աղջիկների ներկայությունը հայկական բանակին միայն օգուտ կտա, քանի որ նրանք ավելի համբերատար և պատասխանատու են: Կարծիքը արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ, խոսելով պաշտպանության նախարարի նոր որոշման մասին, որով արդեն այս ուսումնական տարում ռազմական բարձրագույն կրթական հաստատություններում կարող են սովորել նաև աղջիկները, Կոմանդոսը հիշեց արցախյան պատերազմի մասնակից կանանց.«25 կին ենք կորցրել: Անահիտ ունեինք, որ իր ջոկատում 20 տղամարդ ուներ և լավ էլ ղեկավարում էր»:

Երեկ Նորվեգիայի խորհրդարանը որոշում է ընդունել կանանց` պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին: Կոմանդոսն այս օրինակով փաստեց, որ արտերկրում ևս գնահատվում և կարևորվում է բանակում կանանց ծառայությունը: Նա անդրադարձավ նաև զինվորական աղջիկների և տղաների փոխհարաբերություններին. «Տղամարդիկ երբեմն խոսակցության մեջ չափից դուրս են գալիս, իսկ երբ կին է ներկա լինում, իրենց ավելի չափավոր և լուրջ են պահում»:

Օրեր առաջ Նոյեմբերյանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ զինվորականի մասնագիտությունն ընտրած աղջիկները զորանոցային պայմաններում չեն ապրելու` երեկոյան տուն են գնալու: Կոմանդոսը մանրամասնեց, որ այս առավելությունը չի ազդի նրանց մասնագիտական որակների և այլ հարցերի վրա, որովեհտև հիմա միայն ուղեղային կենտրոններ են պատրաստվում: «Նախատեսվում է, որ նախնական չորս ինժեներական մասնագիտություններով են աղջիկներն ընդունելությունը կազմակերպելու»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---