4 փետրվարի 2006 - 13:51 AMT
Ֆ.Ասադովն առաջարկում է քննարկել ֆուտբոլային հանդիպումների անցկացման վայրը Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ
«Ովքե՞ր են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը կամ էլ ադրբեջանական ֆուտբոլի ֆեդերացիան, անվտանգության երաշխիքներ տալու համար»,-հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը հայ լրագրողների հետ հեռախոսազրույցում: «Դուք պատկերացնում եք, ի՞նչ կկատարվի, եթե Բաքվում հնչի Հայաստանի ազգային օրհներգը եւ վեր խոյանա հայկական դրոշը: Այս պահի դրությամբ հայկական զորքերը վերահսկում են ութ գրավված տարածքներ: Հակամարտության գոտում նախկինի պես փոխհրաձգություն է գնում: Ենթադրենք, ես, որպես Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ժամանեցի Երեւան: Սակայն, չկա ոչ մի երաշխիք, որ օդանավակայանում Դաշնակցության անդամները կրակ չեն բացի իմ ուղղությամբ, նույնիսկ տեսնելով ջերմ եւ հյուրընկալ ընդունելությունը իմ հայ ընկերների կողմից: Այդ դեպքում , ո՞վ կտա պատասխանը»: Դուք շատ եք ցանկանում, որ այդ խաղերն անցնեն Երեւանում եւ Բաքվում: Դե ուրեմն թող Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը իրենց առաջիկա հանդիպման ժամանակ քննարկեն այդ հարցը եւ որոշում կայացնեն խաղերը Բաքվում եւ Երեւանում անցկացնելու մասին: Այդ դեպքում մենք անպայման կմեկնենք Երեւան եւ կընդունենք ձեզ Բաքվում»,-ավելացրել է Ասադովը, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան եւ այնտեղ անցկացնել խաղը: ԵԱ-2008 վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ ղեկավարությունը հավաստիացրեց իր ադրբեջանցի գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել անվտանգության բարձր մակարդակը, ինչպես հարկն է ընդունել հյուրերին եւ կազմակերպել մենամարտը ՈՒԵՖԱ-ի բոլոր նորմերի համաձայն,-ասել է Մինասյանը:-Ադրբեջանի կողմից նույնանման երաշխիքների առկայության դեպքում Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու եւ խաղալ այնտեղ»: Մինասյանը նշել է նաեւ, որ այժմ ՀՖՖ-ն չի քննարկում չեզոք դաշտում խաղն անցկավնելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: «Եթե կոնկրետ պաշտոնական առաջրակներ լինեն, ապա ՀՖՖ-ն անպայման կքննարկի դրանք»,-ավելացրել է Մինասյանը: