
Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ արդեն 77 մլն դրամ է մուտքագրվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն կա Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արայիկ Գրիգորյանի հետ և ամենայն հավանականությամբ վաղը կամ մյուս օրը 20 մլն դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին:
Ալեքսան Պետրոսյանը նշեց, որ վերջին խոշոր գումարը փոխանցել է
Հարկային և մաքսային պետական կոմիտեն՝ մոտ 20 մլն 100 հազար դրամ: Փոխանցումներ են արել նաև ԱԺ պատգամավորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս, ինչպես խոստացել էր, իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյուղացիներին օգնության հիմնադրամին:
Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը փոխանցել էր 20 մլն դրամ, Ազգային Ժողովից՝ 6 մլն դրամ, Կենտրոնական բանկից՝ 10 մլն դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը կգործի 2 ամիս` մինչև օգոստոսի 1-ը: Հավաքագրված գումարները կուղղվեն կարկուտից տուժած արմավիրցիների օգնությանը: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը լուրջ վնաս էր հասցրել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերին: