
Հայկ նահապետից մինչև Արկադի Տեր-Թադևոսյան: Հայ զորավարների և ռազմական մտածողության 3.000-ամյա պատմությունն այսուհետ ներկայացվելու է համակարգված ու ամբողջական` նորաստեղծ «Զորավար» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԶՈւ պահեստի փոխգնդապետ, ռազմական պատմաբան Տիգրան Պետրոսյանցը:
«Հիմնադրամի ստեղծման նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, գաղափարական բացը լրացնելը: Մենք ներկայացնելու շատ բան ունենք, բայց ձևը չգիտենք», - նշեց նա ու տեղեկացրեց, որ հիմնադրամի միջոցներով մի քանի լեզվով գրականություն է տպագրվելու, կազմակերպվելու են արշավներ դեպի զորավարների ծննդավայրեր ու շիրիմներին, թանգարան է հիմնվելու:
«Մենք արդեն որոշ միջոցներ ունենք` նվիրատվություններ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ գործարարներից: Նախատեսում ենք միջոցներ ձեռք բերել նաև բարեգործական համերգներ կազմակերպելով, որոնցից առաջինը կլինի սեպտեմբերին` հայրենասիրական երգով ու պարով», - ասաց Պետրոսյանցը: Նա վստահ է, որ հիմնադրամի գործունեությունը կհետաքրքրի նաև պետական կառույցներին և հասարակական կազմակերպություններին:
Նրա խոսքով, հիմնադրամը կլինի ոչ թե հերթականը, այլ գոնե մի խնդիր լուծող: Իսկ առաջին հերթին ուշադրության կենտրոնում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող արցախյան ազատամարտի մասնակիցները: