
Կարճատև աշխատանքային այցով Երևանում է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Այցի հիմնական նպատակն է հանդիպել և ծանոթանալ Հայաստանում բնակչության պաշտպանության և աղետների կառավարման համակարգի մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերին, ներկայացնել ծրագրի 2013-14 թթ. աշխատանքային պլանը և քննարկել ծրագրի հետագա իրականացումը: ՀՀ ԱԻ նախարարությունում Ս. Անագնոստին հանդիպել է նախարարության` վերոնշյալ ծրագրի աշխատանքային ուղղություններում ընդգրկված ստորաբաժանումների ներկայացուցիչներին։ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ազարյանը համառոտ ներկայացրել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի էությունն ու մինչ հիմա իրականացված աշխատանքները։
Սերգեյ Անագնոստին նշել է, որ 2010 թ. մեկ այլ ծրագրի շրջանակներում արդեն առիթ է ունեցել լինել Հայաստանում։ Հանգամանալից ներկայացրել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի ստեղծման նախապատմությունը, առաջիկա տարիների աշխատանքային պլանը և զարգացման հեռանկարները։
«Սա Եվրամիության կողմից այս տարածաշրջանում իրականացվող առաջին ծրագիրն է, որը հուսով ենք հաջող ընթացք և շարունակություն կունենա։ 2013-2014 թթ. ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել աղետների ռիսկերի ազգային և տարածաշրջանային էլեկտրոնային ատլասների պատրաստումը։ Կկազմակերպվեն բազմաթիվ դասընթացներ ու վարժանքներ` արդյունաբերական վթարների ու բնական աղետների թեմաներով։ Կարևորվում են նաև բնակչության իրազեկման խնդիրները»։ Անագնոստին ընդգծել է նաև, որ Հայաստանը ծրագրին մասնակից 6 երկրների շարքում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) միակն է, որ ունի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, իսկ դա զգալի առավելություն է մյուսների նկատմամբ և վկայում է այդ ոլորտի հանդեպ ցուցաբերվող ուշադրության մասին։