17 հունիսի 2013 - 18:29 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին:

Ուղերձում, մասնավորապես ասված ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման և հետագա զարգացման գործին: Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը` մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և մեր երկրների զորացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ` այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»: