6 փետրվարի 2006 - 16:15 AMT
Ջեքսոնների ընտանիքը հետաքրքրվում է հայկական շոու-բիզնեսով
Երկշաբաթյա այցով Հայաստան են ժամանել հայտնի փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի եղբայր Ջերմեն Ջեքսոնը: Ջեքսոնի այցի նպատակն է ծանոթանալ հայկական մշակույթին, Հայաստանին եւ հայկական շոու-բիզնեսին: Այցի կազմակերպիչն է ամերիկահայ գործարար Գրիգոր Սերոբյանը: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ջերմեն Ջեքսոնը հայտարարել է, որ Ջեքսոնների ընտանիքը պատրաստվում է զվարճությունների կենտրոն կառուցել Եվրոպայում, որը կներառի ռեստորան, հյուրանոց, հեռուստատեսություն եւ կներկայացնի աստեղային ընտանիքի պատմությունը: Նրա խոսքերով, նման համալիր կարող է կառուցվել նաեւ Հայաստանում: Նա նաեւ նշել է, որ եթե համալիրը կառուցվի Հայաստանում, չի բացառվում, որ Երեւանում կարող է կազմակերպվել Մայքլ Ջեքսոնի համերգը: Անդրադառնալով Հայաստանից ստացած իր տպավորություններին` Ջերեմի Ջեքսոնը հայտարարել է, որ արդեն հասցրել է լինել Երեւանի որոշ թանգարաններում, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում: Երգիչը մտադիր է այցելել նաեւ Երեւանի մանկական հիվանդանոցներից մեկը: «Մեր ընտանիքը ստեղծել է «Օգնություն մոլորակին» հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում աֆրիկյան երկրներին օգնելու համար: Հայաստան այցելությունից հետո, հնարավոր է, որ օգնություն տրամադրվի նաեւ հայկական հիվանդանոցներին»,-նշել է Ջ.Ջեքսոնը: