17 հունիսի 2013 - 21:00 AMT
«Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն

Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ: «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է:

Այսօր զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանությանը պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:

Վարժանքի ընթացքում և ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ ցուցումներ՝ գործողության կազմակերպման, կառավարման և տարբեր ստորաբաժանումների հստակ փոխգործակցության հասնելու վերաբերյալ: Զորավարժության ամփոփիչ փուլը հունիսի 19-ին է: