18 հունիսի 2013 - 09:59 AMT
Ունիվերսիադայում, ամենայն հավանականության, ելույթ կունենան 6 հայ ազատ ոճի ըմբիշներ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Երևանում մարզվում է և պատրաստվում հուլիսի 6-17-ը Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք նոր են վերադարձել Վլադիկավկազից, որտեղ հիանալի համատեղ հավաք են անցկացրել տեղի թիմի հետ:

Մարզչի խոսքով, Ունիվերսիադայում հաստատ ելույթ են ունենալու Գարիկ Բարսեղյանը (55 կգ), Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիևը (84 կգ) և Էդգար Ենքոյանը (96 կգ), իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն (60 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) Կազան կմեկնեն, եթե լուծվեն նրանց զինվորական ծառայության հետ կապված խնդիրները:

«Հունիսի 25-ից մենք 14-օրյա հավաք ենք անցկացնելու ֆուտբոլի Ակադեմիայում: Դա նախապատրաստական վերջին փուլն է լինելու: Կազանից վերադառնալուց հետո հավաքականը Ծաղկաձորում մարզվելու է Ղազախստանի, Կիրգիզիայի և Բելառուսի հավաքականների հետ»,- ասել է Բաղդադյանը:

Հետո ազատ ոճայինները ելույթ են ունենալու օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում, որից հետո էլ մարզիչն ընտրելու է այն ըմբիշներին, որոնք ելույթ են ունենալու սեպտեմբերի 16-22-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում: